ՀՀ նախագահի պաշտոնը թափուր չէ. ՔՊ-ական պատգամավորները` նոր թեկնածու առաջադրելու մասին

Արմեն Սարգսյան
ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Վահագն Հովակիմյանը խոսել են ՀՀ նախագահի հրաժարականի մասին` հիշեցնելով, որ նա դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ իշխող ուժը երկրի նախագահի նոր թեկնածու առաջադրելու հարցին կանդրադառնա այն պահին, երբ այդ պաշտոնը թափուր լինի: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը` պատասխանելով հարցին, թե ունե՞ն արդյոք նոր թեկնածուներ, և ճի՞շտ են լուրերը, որ քննարկվում է Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի թեկնածության հարցը:

«Հայաստանն այս պահին ունի փաստացի նախագահ, և հինգ-վեց օր ժամանակ ունենք: Նման իրավիճակում ժամանակավրեպ ենք համարում նոր թեկնածուի հարցը քննարկելը. օրենքը հնարավորություն է տալիս դիմումը հետ վերցնելու: Այժմ նախագահի պաշտոնը թափուր չէ, ուստի կքննարկենք նոր թեկնածուի հարցը, երբ այն թափուր լինի»,-նշեց Պապոյանը:

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյան էլ հավելեց, որ այն շրջանում, երբ նախագահն իր հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, նոր թեկնածուի հարցը պաշտոնական մակարդակով քննարկելը ճիշտ չէ նախագահի ինստիտուտի նկատմամբ:
«Երբ սկսենք թեկնածուներ առաջադրել, ապա այդ ժամանակ նրանք պետք է լինեն վարչապետի առաջարկած չափանիշներին համապատասխան»,-ասաց Հովակիմյանը:
Իսկ ինչ վերաբերում է նախագահի` այլ երկրի քաղաքացիություն ունենալուն, ապա պատգամավորը նշեց, որ այդ լուրերն իրավապահ մարմինները կուսումնասիրեն:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Տարօրինակ էին լիազորությունների մասին փաստարկները. Թորոսյանը` նախագահի հրաժարականի մասին
Սարգսյանի խոսքով՝ իրեն խոստացել էին, որ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Բայց այդ խոստումներն իրականություն չեն դարձել։
Հույսերը չարդարացան, կամ նախագահը չգիտե՞ր, որ «անգլիական թագուհու» կարգավիճակում է լինելու