ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակից արձագանքել են «Հետքի» հրապարակմանը` նշելով, որ նմանատիպ հրապարակումներով փորձ է արվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով:
Հիշեցնենք, որ երեկ «Հետք» պարբերականը գրել էր` նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի պատճառը մեկն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը:
«Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա` բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ»,–ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ «Հետքի» նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով:
«Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»,–ասված է տարածված հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։