Գլխավոր դատախազը միջնորդագիր է հասցեագրել ոստիկանապետին. ի՞նչ խնդիր է առաջ քաշվել

Արթուր Դավթյան
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնող ՃՈ տեսուչը հնարքով գումարներ է վերցրել մի շարք վարորդներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ճանապարհային ոստիկանության գործունեության հետ կապված միջնորդագիր է հասցեագրել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ՀՔԾ-ում, ապա հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության ՃՈ տեսուչը 2021թ. հունվարի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնելու ընթացքում թույլ է տվել նույնաբնույթ մի քանի իրավախախտում:

Տեսուչը հայտնաբերել է մի քանի մեքենաների վարորդների կողմից տրանսպորտային երթևեկության կանոնների խախտումներ: Նա տուգանքի չափի վերաբերյալ վարորդներին հայտնել է ուռճացված տեղեկություն, իսկ հետո համաձայնության եկել տուգանքը կանխիկ վճարելու դեպքում այլ՝ ավելի ցածր չափով տուգանք նախատեսող իրավախախտում արձանագրելու շուրջ: Այսպես տեսուչը վարորդներից ստացել է տարբեր չափերի՝ 5000-ից մինչև 20 000 դրամ գումարներ:

Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչել, տվել ինքնախոստովանական ցուցմունք, վերականգնել վնասը:
«Քրգործի նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ տեսուչի՝ 2020-2021թթ. ընթացքում ստացած վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները տևական ժամանակ չեն հանձնվել համապատասխան աշխատակցին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Մոտ 12 մլն դրամի վնաս պետությանը. Ծակքար համայնքի ղեկավարը չարաշահել է լիազորությունները
Պարզվել է, որ ոստիկանության ՃՈ ծառայության ստորաբաժանումներում տուգանքների վճարման անդորրագրերի հաշվառում իրականացնելու, արձանագրությունների ձևաթղթերը տեսուչին հանձնելու և լրացված արձանագրությունները նրանից ստանալու գործընթացը պատշաճ կարգավորված չէ: Բացի այդ, բացակայում են նաև դրանց նկատմամբ վերահսկողության բավարար մեխանիզմները:
Նմանատիպ հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառները վերացնելու նպատակով էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հասցեագրել ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ մշակելու նշված գործընթացի իրականացման և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության մեխանիզմներ:
«Հրազդան» ՔԿՀ-ում ծորակներ, շարժիչներ, դռներ ու լամինատ են յուրացրել