ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Դեղագործության ոլորտում հայ-իրանական գործակցության մեծ պոտենցիալն ակնհայտ է: Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:
«Մենք մշտապես դիտարկում ենք փոխադարձաբար իրանական արտադրության դեղորայքը հայկական շուկայում ներառելու հնարավորությունները»,- ասել է Ավանեսյանը:
Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հետաքրքրվել է Հայաստանում COVID-19-ի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությամբ:
Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ ճանաչողության մակարդակը բարձրացնելու կարևորությունը` առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը որակական նոր աստիճանի բերելու համար:
Հանդիպմանը քննարկվել են ներդրումային ծրագրերին, առողջապահական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև առողջապահության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային կապերի ակտիվացմանն ուղղված այլ ծրագրերի, քննարկել կրթական ծրագրերի ինտեգրման ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: