ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տարեսկզբին այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ և հակահամաճարակային կանոնները պահպանելու հարցում որոշակի թերություններ արձանագրել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Տեսչական մարմնի կողմից խորհրդին առաջարկվել է խստագույնս պահպանել ՀՀ առողջապահության նախարարի պահանջները` փակ տարածքներում՝ նիստերի դահլիճներում, սպասասրահում և միջանցքներում այցելուների կողմից դիմակ դնելը պարտադիր է, և, դրանից բացի, պետք է ապահովվի քաղաքացիների միջև 1.5 մետր սոցիալական հեռավորությունը:
Ելնելով դրանից՝ ԲԴԽ-ում կարգապահական վարույթների քննության գործընթացում որոշակի փոփոխություն է կատարվել։
«Հունվար ամսից սկսած ԲԴԽ անդամներից և դատավարության մասնակիցներից զատ՝ ԲԴԽ դատական նիստերի դահլիճ կկարողանան մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ներկայացուցիչները և ԶԼՄ ներկայացուցիչները՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով»,– գրել է Շաբոյանը:
Նիստերի լուսաբանման ձևաչափի հետ կապված սահմանափակումներ չկան:
Նա տեղեկացրել է նաև, որ կարգապահական վարույթների քննությամբ հետաքրքրվող անձանց համար ԲԴԽ-ում առանձնացվել է դահլիճ, որտեղ հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել նիստերի ընթացքին․ աթոռները տեղադրված են այնպես, որ անձանց միջև պահպանվի սոցիալական հեռավորությունը, իսկ դիմակների պատշաճ կրումը լինի պարտադիր: