Արսեն Թորոսյանը ՄԻՊ զեկույցի վերնագիրն անգամ չի ընթերցել. Արման Թաթոյան

Առողջապահության նախկին նախարարը կողմնակալ էր համարել Արման Թաթոյանի՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ արտահերթ զեկույցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը։
Նախկին նախարարները հոգեբուժարաններով չեն զբաղվել. Արման Թաթոյանը նոր զեկույց է ներկայացրել
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին հրապարակվել է ՄԻՊ-ի արտահերթ՝ «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» զեկույցը:
Արսեն Թորոսյանը դրանից հետո հայտարարել է, մասնավորապես, որ գործող ՄԻՊ Արման Թաթոյանը մի քանի օր է՝ թմբկահարում է «Հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումների մասին» ու շեշտել, որ «արձանագրում եմ մարդու իրավունքների պաշտպանի կողմնակալությունը»։
Արման Թաթոյանն ի պատասխան նշում է, Թորոսյանի հրապարակումից հստակ երևում է, որ նա ոչ միայն ծանոթ չէ շուրջ 150 էջից կազմված զեկույցի բովանդակությանը, այլ «զեկույցի վերնագիրն անգամ չի ընթերցել»՝ հավելելով, որ զեկույցի ողջ տեքստում «հոգեբուժարան» բառը գեթ մեկ անգամ օգտագործված չէ:
Հոգեբուժարաններում կիրառում են ժամկետանց ու անընդունելի դեղեր. Թաթոյան
Թաթոյանը նաև մի շարք հարցեր է մատնանշում՝ ինչպե՞ս կբացատրի առողջապահության նախկին նախարարը հոգեբուժական կազմակերպություններում մարդկանց անօրինական պահելու դեպքերն իր պաշտոնավարման օրոք, ինչպե՞ս կբացատրի, որ ակնհայտ օրենսդրական խախտումով մարդկանց ենթարկում են տարբեր բժշկական միջամտությունների,այդ թվում՝ հոգեմետ դեղամիջոցներով բուժման` առանց սռհասարակ նրանց համաձայնության:
Նշվում է, որ ՄԻՊ-ի զեկույցում կոնկրետ օրինակներով արձանագրված են նաև դրական զարգացումները, բայց դրանք կա՛մ դրվագային են ու վերաբերում են կոնկրետ հաստատության, կա՛մ իրականացվել են առողջապահության գործող նախարարի օրոք:
Արման Թաթոյանն իր հայտարարության մեջ պահանջում է չքաղաքականացնել մարդու իրավունքների ոլորտը և քաղաքական քողով թաքցնել Թորոսյանի՝ նախարարի պաշտոնում աշխատած ժամանակվա (2018 մայիս-2021 թթ. հունվար) անգործությունն ու մարդու իրավունքների խախտումները: