ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում կշարունակի զարգացնել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հետ համագործակցությունը։
ԱԺ նիստում քննարկվում է ՄԻՊ ընտրության հարցը, և Գրիգորյանն այդ մասին ասաց` պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի` ՄԻՊ–ի կողմից ԶՈւ–ում վերհանված խնդիրների և բարեփոխումների վերաբերյալ անելիքների հարցին։
Գրիգորյանը շեշտեց, որ ՄԻՊ–ի կողմից ԶՈւ–ում վերհանված խնդիրներն ու բարեփոխումները լինելու լավ են հնարավորություն համակարգային ձևով դրանք հասցեագրելու համար։
«ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հետ շարունակական համագործակցության առիթ եմ ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության իրականացման ընթացքում։ Գործողությունների ծրագրում հենց այս կենտրոնի առջև մենք խնդիրներ ենք դրել, մասնավորապես կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, ոչ կանոնադրական հարաբերությունների նկատմամբ կրթական կոմպոնենտ ապահովելու ու նաև ԶՈւ–ում կանանց իրավունքներն ամրապնդելու, իրազեկելու ու կրթություն ապահովելու հարցերը»,– նշեց ՄԻՊ թեկնածուն։
Նա նաև ընդգծեց` տեղյակ է, որ ՄԻՊ–ի և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի միջև լավ համագործակցություն կա։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի դեկտեմբերի սկզբին որոշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2022 թվականի փետրվարի 23-ին։
Հունվարի 21-ին Փաշինյանը Գրիգորյանին ազատեց արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։