ԵՐԵՎԱՆ , 24 հունվարի – Sputnik. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը քննարկել է մարզի համար առաջնային մի շարք հարցեր, այդ թվում` թափառող շների խնդիրը։
«Սա բոլորիս խնդիրն է, ուզում եմ, որ այս հարցում լրատվամիջոցներն էլ աչալուրջ լինեն: Անկառավարելի խնդիր է, համայնքից ու մարզից կախված չէ, և օրենսդրության փոփոխությունը հատկապես այս եղանակին իսկապես վտանգ է դարձել մարդկանց կյանքի համար։ Թող սխալ չընկալվի, իմ ասածը միտված չէ կենդանիներին դաժանաբար սպանելուն, բայց այս հարցը պետք է կանոնակարգել»,- ասաց Բաղդասարյանը։
Նա շեշտեց, որ այս հարցը մարզպետի լիազորություններից վեր է, ապաստարանների ստեղծումն էլ՝ ծախսատար:
Մարզպետը հարցի լուծման իր տարբերակն առաջարկեց:
«Լինելով իրավաբան` խորհուրդ եմ տալիս շների հետ կապված օրենքը չեղարկելու համար քաղաքացիների ստորագրահավաք կազմակերպել: Այս խնդիրը բոլոր համայնքներում էլ կա ու լուծելի չէ։ Երեխաների վրա շների հարձակման դեպքեր ունենք: Պետք է միացյալ մոտեցում ցուցաբերել»,- շեշտեց մարզպետը:
Հիշեցնենք` Քրեական օրենսգրքում կատարված լրացմամբ, որն ընդունվեց 2019 թվականի հոկտեմբերի 23-ին, ավելացվել է 258.2-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Դաժան վերաբերմունք է համարվում կենդանու կյանքի ընդհատումը խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, ուժեղ հրազենի, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը: Օրենքով պատիժ է սահմանվում նաև կենդանիների մարտերի կազմակերպման ու իրականացման, անտուն կենդանիների այնպիսի հավաքի համար, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը և այլ դաժան վերաբերմունքը:
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: