«Վարդաշեն» ՔԿՀ-ում կալանավորվածի փաստաբանը փորձել է նրան թմրանյութեր փոխանցել

Փաստաբանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. «Վարդաշեն» ՔԿՀ-ում կալանավորված Ն․Ս․-ի փաստաբանը փորձել է նրան թմրանյութեր փոխանցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության լրատվականը։
Նշվում է, որ 2022 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում Ն. Ս.-ին այցելած փաստաբանի պայուսակից հայտնաբերվել է ոչ գործարանային տեսքով էլեկտրական ծխախոտ՝ թմրանյութին նմանվող սպիտակավուն փոշու հետքերով: Կալանավորված անձը հայտարարել է, որ էլեկտրոնային ծխախոտը լցված է «կրիստալ» տեսակի թմրանյութով, և քաղաքացի Տ. Ա-ն փաստաբանի միջոցով այն պետք է փոխանցեր իրեն: Նշանակված դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված էլեկտրոնային ծխախոտի պարունակությունը 1,93 գրամ հաստատուն քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է:
Տ. Ա.-ն ձերբակալվել է, իսկ փաստաբանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Ոստիկանները 3 երիտասարդի են բերման ենթարկել. նրանք տելեգրամյան էջերով թմրանյութ են վաճառել
Քրեակատարողական ծառայության լրատվականը տեղեկացնում է նաև, որ թմրանյութեր են հայտնաբերվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ 2022 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, զննվել են քաղաքացի Դ. Մ.-ի կողմից դատապարտյալ Կ. Հ.-ի անվամբ բերված հանձնուքը և կարմիր պղպեղի տուփի միջից հայտնաբերվել էմարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 19,44 գրամ քաշով բուսական զանգված: Ավելի ուշ՝ ժամը 17:30-ի սահմաններում, խուզարկություն է իրականացվել նույն դատապարտյալի խցում: Խուզարկության արդյունքում պահարանի ետնամասից հայտնաբերվել են ծխախոտի տուփի մեջ թաքցված 2 բաժանորդային քարտ, 2 դատարկ ներարկիչ՝ իրենց ասեղներով, ինչպես նաև մետաղյա ծխախոտի տուփի մեջ թաքցված 13 հատ սերմնահատիկ: Դատապարտյալ Կ. Հ.-ն բանավոր հայտարարել է, որ նշված արգելված իրերը պատկանում են իրեն:
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ: