Փաշինյանը մտադիր է դիմել դատարան` «Մարտի 1»-ի գործով իրեն արդարացնելու հարցով

Երևանը 2008–ի մարտի 1–ին. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետնիրավական հիմք է դիտարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջերս կայացրած վճիռը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հետևողական է լինելու «Մարտի 1»-ի գործով արդարացման հասնելու հարցում
Փաշինյանը նշեց, որ դրա համար իրավական հիմք է դիտարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջերս կայացրած վճիռը։

«ՄԻԵԴ–ն ըստ էության արձանագրել է, որ իմ նկատմամբ հետապնդումները եղել են քաղաքական, որ ես եղել եմ քաղբանտարկյալ, որ այն մեղադրանքները, որոնք մեղսագրվել են ինձ, հիմնավորված չեն եղել, ապացուցված չեն եղել, իսկ դա նշանակում է, որ այդ մեղադրանքներն անհիմն են»,– ասաց Փաշինյանը։

Թե ինչ կարգով է պատրաստվում բողոքարկել տարիներ առաջ կայացված դատավճիռը, Փաշինյանը չհստակեցրեց` նշելով, որ հնարավոր է դա արվի դատախազության կամ իր փաստաբանների միջոցով։
Հիշեցնենք` հունվարի 18-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել էր «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը` 2008թ–ի նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ։
Դատարանն արձանագրել է, որ խախտվել են Փաշինյանի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված հետևյալ իրավունքները.
Խաղաղ հավաքների ազատության իրավունք,
Խոսքի ազատության իրավունք,
Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։
ՄԻԵԴ–ն այսկերպ բավարարել է ՀՀ ներկայիս վարչապետի` ավելի քան 10 տարի առաջ ներկայացրած հայցադիմումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
Որքան գումար կհատկացվի Մարտի 1-ին զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի համար
Հավելենք` խոսքը 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների մասին է, որտեղ հաղթող էր ճանաչվել Սերժ Սարգսյանը։ Իսկ ընդդիմության թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը չէր ընդունել ընտրությունների արդյունքներն ու վիճարկում էր դրանց օրինականությունը` միաժամանակ Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա բողոքի ակցիաներ ու նստացույց իրականացնելով։
Բողոքի զանգվածային ալիքն իր գագաթնակետին էր հասել 2008թ–ի մարտի 1-ին, երբ Երևանի փողոցներում բախումներ էին սկսվել ցուցարարների ու ոստիկանների և ԶՈւ–ի միջև։ Նույն օրը հնչած կրակոցների հետևանքով Երևանի կենտրոնում սպանվել էին 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ։
Բողոքի ակցիաները գլխավորելու համար Լևոն Տեր–Պետրոսյանին աջակցող Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել էր մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրելու մեղադրանքով։
Դատախազությունը հրաժարվեց «Մարտի 1»-ի գործով դատապարտյալին առաջադրված մեղադրանքից
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2010թ–ի հունվարի 19-ին Փաշինյանին 7 տարվա ազատազրկման էր դատապարտել։
Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ նա համաներումով ազատ էր արձակվել 2011թ. մայիսի 27-ին, 2010թ. հունվարի 19-ի դատավճիռը, սակայն, թողնվել էր օրինական ուժի մեջ: