ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանի առաջնությունից առաջ Լևոն Արոնյանի հետ Ծաղկաձորում ունեցած մարզումային հավաքն օգնել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանին հաղթել Հայաստանի 82-րդ առաջնությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ինքը՝ Հայաստանի շախմատի նորընծա չեմպիոնը։
«Ուզում եմ նշել, որ մրցաշարից առաջ Լևոն Արոնյանի հետ հավաքի եմ մասնակցել: Նա այստեղ էր, Ծաղկաձորում հաջողվեց 4-5 օր հավաք անցնել նրա հետ: Կարծում եմ՝ այս նախապատրաստական փուլը շատ մեծ օգուտ տվեց ինձ մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելու համար: Մարզավիճակ հավաքեցի մրցաշարից առաջ, ինչն իր ազդեցությունը թողեց պարտիաների վրա: Բացառությամբ մի քանի պարտիաների ՝ որակյալ խաղ ցուցադրեցի»,-ասաց Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ 11 հնարավորից հավաքելով 8 միավոր և չկրելով ոչ մի պարտություն՝ Մանուէլ Պետրոսյանը հունվարի 23-ին դարձավ Հայաստանի 82-րդ առաջնության նոր չեմպիոնը: Երկրորդ տեղում 7,5 միավորով Հայկ Մարտիրոսյանն է, իսկ եռյակը եզրափակեց նույնքան միավոր հավաքած Շանթ Սարգսյանը: