ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ ժամանցի վայրերում, հանրային սննդի կետերում կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունն ավելի մեծ է, քան տրանսպորտում ու խանութներում։ Նա իր տեսակետը հայտնեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
Լրագրողներից մեկը հարցրեց` ինչպես է ստացվում, որ մարդիկ առանց որևէ արգելքի մուտք են գործում մոլեր, սակայն սննդի կետերից օգտվելու համար QR կոդ է պահանջվում կամ առնվազն 72 ժամվա բացասական թեստի պատասխան։
«Մոլերը, սննդի խանութների և առևտրի կենտրոնների համար սահմանափակումը չի գործում, որովհետև մենք սկզբունք ենք վերցրել հնարավորինս անհրաժեշտ ծառայությունների նկատմամբ դեռևս չկիրառել այս սահմանափակումները։ Սահմանափակումները կիրառում ենք ժամանցի վայրերի, հանրային սննդի կետերի վրա, որովհետև այստեղ վարակման հնարավորությունը շատ ավելի բարձր է, առաջնորդվում ենք նաև այդ մտահոգությամբ»,–պատասխանեց նախարարը։
Հիշեցնենք` հունվարի 22-ից ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ, որոնց համաձայն` հայաստանյան մի շարք հաստատություններ հնարավոր է մուտք գործել այն դեպքում, եթե քաղաքացին ներկայացնի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ (առավելագույնը 72 ժամ վաղեմության), արագ ախտորոշիչ թեստի 24–ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք կամ պատվաստման սերտիֆիկատ։
Այս պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկան անձանց, հղիներին, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացածներին, բայց բոլորը պետք է փաստաթուղթ ներկայացնեն։