ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգային հարցերից անցնելուց առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի առնչությամբ:
Հայտնել էինք, որ երեկ ՀՀ նախագահն իր պաշտոնից ազատվելու դիմում է ստորագրել:
«Համաձայն ՀՀ Սահմանադրության 142-րդ հոդվածի և ԱԺ կանոնակարգ օրենքի 147 հոդվածի առաջին մասիՙ ՀՀ նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել: ԱԺ կանոնակարգ օրենքի 147 հոդվածի երկրորդ մասին համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հայտարարությամբ է հանդես գալիս»,-ասաց Սիմոնյանը:
Սակայն եթե նախագահը մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կկազմվի արձանագրություն, որը պետք է ստորագրի և հրապարակի ԱԺ նախագահը: Սիմոնյանը նշեց` այդ արձանագրության ստորագրման պահից նախագահի հրաժարականն ընդունված կհամարվի:
Հիշեցնենք` երեկ երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա նշել է, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Հավելենք, որ հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Թեկնածու առաջադրելու իրավունք ունի ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդը, իսկ այսօր ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի ու «Հայաստան» դաշինքի պատգամվորների թիվը մեկ քառորդից ավելի է։