Հնարավոր է՝ այս տարի ՀՀ-ն և Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեն․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը. Արխիվային լուսանկար
Վարչապետի խոսքով՝ «շատ մեծ է հավանականությունը», որ ՀՀ ԱԳ նախարարը կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ վերջերս Թուրքիայից ստացած հրավերին։ Միրզոյանին թուրքական կողմը պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ֆորմատ է ձևավորվել, և արդեն տեղի է ունեցել ներկայացուցիչների առաջին հանդիպումը, մթնոլորտ է ձևավորվել։ Ես կարծում եմ, որ եթե այս դինամիկան պահպանվի, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի այդ հրավերը։ Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց եթե մենք խոսում ենք երկխոսության մասին, անտրամաբանական է հրավեր չընդունելը», - ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ հնարավոր է և տրամաբանական է, որ Հայաստանը և Թուրքիան հենց այս տարի՝ 2022-ին արդեն հաստատեն դիվանագիտական հարաբերություններ և բացեն սահմանները։
Եկեք տարբերենք էմոցիոնալը ռացիոնալից․ ՀՀ վարչապետը «բացատրեց» Ալիևի սպառնալիքները
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
2022թ–ի հունվարի 14-ին առաջին անգամ կայացավ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը Մոսկվայում։ Հայկական կողմը հանդիպումից հետո հայտարարեց, որ այն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։