Հանձնաժողովի ձևավորումը չի նշանակում, որ Սահմանադրությունը անպայման կփոխվի․Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը
Վարչապետը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի առջև առկա է Սահմանադրությունը «աուդիտի» ենթարկելու խնդիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցին։

«Ամենևին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Այն, որ մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորում, չի նշանակում, որ դա անպայման կպսակվի Սահմանադրության փոփոխություններով», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի առջև առկա է Սահմանադրությունը «աուդիտի» ենթարկելու խնդիր։
«Մենք խնդիր ունենք հասկանալու՝ ինչպիսի փոփոխության տեղեր կան Սահմանադրության մեջ։ Օրինակ՝ Սահմանադրության մեջ գրված է նախագահի հրաժարականը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բայց ԱԺ-ի կանոնակարգում գրված է, որ նա յոթօրյա ժամկետում կարող է հետ վերցնել դիմումը։ Այստեղ շատ լուրջ հակասություն կա։ Մենք փորձում ենք պարզել՝ նման ինչ խնդիրներ կան Մայր օրենքում», - նշեց վարչապետը։
Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը
Փաշինյանը պատմեց, թե երբ և ումից է իմացել Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին
Պատասխանելով երկրի կառավարման համակարգի մասին հարցին՝ Փաշինյանը նշեց, որ իր անձնական համոզմունքով Հայաստանը պետք է մնա խորհրդարանական երկիր, կիսանախագահական կամ նախագահական կառավարման ձևերին անցնելու կարիք չկա։
Նա ասաց, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինքը մտածել է կառավարման համակարգի փոփոխության մասին, սակայն հետագայում, երբ ընտրությունների միջոցով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, հասկացել է` եթե Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգում չլիներ, մեծ էր հավանականությունը, որ շատ լուրջ ցնցումների միջով կանցներ երկիրն ու ճգնաժամն ավելի կխորանար: