ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հետպատերազմական ժամանակահատվածում հաջողվել է լուծել ամենակարևորը՝ հոսանքի խնդիրը, և մինչ օրս ցանցը գրեթե անխափան աշխատել է: Հարցն այն է, որ ծանր է եղել հզորությունների մատակարարման, ապահովման առումով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական էջից:
Նշենք, որ 2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին:
««Բեյզ Մեթըլս» հանքավայրի առումով նշեմ, որ արդեն հիմնականում աշխատում է 70-80 տոկոս հզորությամբ, դա պլանավորված է: Լուծվել է ջրի, էներգետիկայի մատակարարման հարցը, արտացոլումը պետական բյուջեի մուտքերի մասով՝ եթե 2021-ին պլանային եղել է 17 մլրդ, կատարել ենք 34 մլրդ: Այս տարի ծրագրով նախատեսել ենք 40 մլրդ, բայց, իհարկե, մեր սպասելիքները շատ ավելի մեծ են: Դրան զուգահեռ, տարբեր բարեգործական ծրագրերով, համագործակցությամբ ջերմոցային տնտեսություններ, այլ ուղղություններ ևս զարգացնում ենք»,-ասել է Հարությունյանը:
Նա վստահեցրել է, որ եթե որևէ ֆորսմաժոր չլինի, ապա հոսանքի խնդրի անխափան աշխատանքը կշարունակվի, և դա այն պարագայում, որ «Բեյզ Մեթըլսին» անհրաժեշտ հոսանքը ևս մատակարարում են:
Արցախի նախագահը հայտնել է նաև, որ ՀՀ կառավարության տրամադրած գումարով էլ հաջողվելու է լուծել առկա խնդիրները և ոչ միայն բնակարանաշինության ոլորտում: Հարությունյանի խոսքով՝ շատ հավակնոտ ծրագրեր են սկսել. կառուցվում է արդեն Բադարա-Ստեփանակերտ խողովակաշարը, որն ամբողջությամբ լուծելու է ոչ միայն Ստեփանակերտի որակյալ խմելու ջրի հարցը, այլ նաև այդ կառուցվող բնակավայրերի, որոնց մի մասը գտնվում է Ստեփանակերտի հարակից տարածքներում:
Զուգահեռ արդեն սկսված են Բադարայի ջրամբարի աշխատանքները, որն անկախ Արցախի պատմության մեջ աննախադեպ երևույթ է: Ավարտման փուլում են Սովետար կոչվող ջրանցքի աշխատանքները, որը լրացուցիչ 3000 հեկտար ոռոգման հնարավորություն է տալու:
Հարությունյանը հավելել է, որ ծրագրեր իրականացվում են ենթակառուցվածքների բոլոր ուղղություններով և նաև բնակարանաշինությամբ: