«Եթե հայ մարդու կապիտալի 90 տոկոսն այլ երկրում է...». Խաչատուր Սուքիասյանը՝ նախագահի մասին

Խաչատուր Սուքիասյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը բացառում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վրա ճնշումներ գործադրված լինեն: Սուքիասյանն իր տեսակետը հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով նախագահի հրաժարականին:
«Հնարավոր է՝ իմ ունեցած տեղեկություններով՝ իր անձից է կախված հրաժարականի պատճառը, այսինքն՝ պետք է հասկանանք, թե ինքը ՀՀ-ի հետ ինչ աստիճանի կապ է ունեցել։ Եթե հայ մարդն իր կապիտալի 90 տոկոսն ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ինչ աստիճան է վստահում և ինչ աստիճան է սիրում»,-ասաց Սուքիասյանը։
Նա լրագրողներին խորհուրդ տվեց պարզել, թե 4 տարվա մեջ ՀՀ-ն ինչ ծախսեր է արել նախագահի ինստիտուտի համար։
«Ուզում եմ ձեզնից իմանալ, թե այդ ծախսերի 1 տոկոսն օգուտ տվե՞լ է Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Սուքիասյանը։
Արմեն Սարգսյանը փորձում է խուսափել այն գործընթացներից, որոնք կարող են սկսվել. Օհանյան
Ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը, թե Սահմանադրությամբ իրեն գործիքակազմ տրված չէ մի շարք օրենքների վրա վետո դնելու համար, Սուքիասյանը նշեց, որ երբ Սարգսյանը ստանձնում էր նախագահի պաշտոնը, գիտեր այդ մասին: Պատգամավորը հավելեց` նախագահի հրաժարականը միգուցե կանխատեսելի էր:
Նա բացառեց, որ այդ հրաժարականը կարող է քաղաքական որևէ գործընթացի հետ կապված լինել:
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Արմեն Սարգսյանը հրաժարվել է ՀՀ նախագահի պաշտոնից։
Ազգային ժողովն արդեն ստացել է Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը