Չեմ խուսափի գնահատականներ տալ. Գրիգորյանին հիշեցրին «շնաբարո դուրսպրծուկ» արտահայտությունը

Քրիստինե Գրիգորյան
Մարդու իրավունքների պաշտպանի ՔՊ-ական թեկնածուն հայտարարեց, որ ատելության խոսքի վերաբերյալ իր դիրքորոշումը միշտ ներկայացնելու է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի` իշխանության թեկնածու Քրիստինե Գրիգորյանը խոստանում է ընտրվելու պարագայում չխուսափել տարբեր բարձր ամբիոններից հնչող ատելության խոսքի վերաբերյալ գնահատականներ տալուց: Գրիգորյանն այս մասին վստահեցրեց ԱԺ այսօրվա նիստի ժամանակ, որտեղ քննարկվում է ՄԻՊ ընտրության հարցը:
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը Քրիստինե Գրիգորյանին հիշեցրեց, որ նա ասել էՙ ատելության խոսքի դեմ սկզբունքային դիրքորոշում ունի, սակայն ԱԺ ամբիոնից վերջին երեք տարիներին հնչել են բավական անթույլատրելի հայտարարություններ, որոնք պարունակել են ատելության խոսք:

«Մասնավորապես, «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք, շպրտենք դուրս» արտահայտությունները: Խնդրում եմ Ձեր հստակ դիրքորոշումը հայտնել նման վարքագծի վերաբերյալ, տալ հստակ գնահատական»,-ասաց Ղազինյանը:

«Ես հետևողական եմ լինելու ու չեմ խուսափելու գնահատականներ տալու առումով: Կարծում եմ, որ հանրային դերակատարները պետք է մեծ հոգածությամբ վերաբերվեն այն մթնոլորտին, որի պատասխանատուն բոլորս ենք»,–պատասխանեց Գրիգորյանը:
Ամենաանցանկալի սցենարը. նոր ՄԻՊ-ի ընտրությունը կարող է տապալվել. «Ժողովուրդ»
Նրա խոսքով` ատելության խոսքի, հարգանքի, քաղաքակիրթ բանավեճի նշաձողը բոլորի ձեռքում է ու բոլորը պետք է բարձր պահեն այդ նշաձողը: Գրիգորյանը խոստացավ նաև հետամուտ լինել ՄԻՊ-երի բոլոր զեկույցներում հրապարակված խախտումները վերացնելու հարցում: