Բոլորի աշխատանքը սկսվում է ժամը 09.00–ից. քաղաքապետը պահանջեց չուշանալ ու չխաբել իրեն

Նոր քաղաքապետն աշխատակիցներին հիշեցրեց իրենց պարտականությունների մասին` հորդորելով լավ կատարել դրանք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Այսուհետ Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հանդիպումները ժամանակ առ ժամանակ ուղիղ եթերով կհեռարձակվեն։ Համապատասխան որոշումը կայացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Քաղաքապետարանը լուծում է քաղաքի բազմաթիվ խնդիրներ, բայց տպավորություն է ստեղծվում, որ դրանք անտեսանելի են մնում քաղաքի բնակիչների համար»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` կլինեն աշխատանքային խորհրդակցություններ, որոնք կանցկացվեն դռնփակ, բայց հիմնականում նախատեսում են դրանք հեռարձակել։ Այսկերպ բնակիչներն ավելի լավ կհասկանան քաղաքի խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ քաղաքային իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքների ծավալը։
Երևանի քաղաքապետը պաշտոնից ազատել է տեղակալներից մեկին
Նա նաև կոչով դիմեց քաղաքապետարանի և թաղապետարանների աշխատակիցներին՝ հորդորելով ժամանակին գալ աշխատանքի։
Սարգսյանը պարզաբանեց, որ բոլորի, հատկապես վարչակազմերի ղեկավարների աշխատանքը պետք է սկսվի ժամը 09:00-ից։ Նրա խոսքով`խնդիր է, երբ ինչ-որ հարցով զանգահարում են աշխատակիցներից մեկին, բայց նա աշխատանքային ժամին աշխատանքի չէ։

«Վստահեցնում եմ, որ եթե բոլորը ժամանակին սկսեն իրենց աշխատանքը, ժամը 18:00-ից հետո քաղաքապետարանում մնալու և աշխատելու կարիք չի լինի»,- ասաց Սարգսյանը։

Քաղաքապետը նաև խնդրեց չխաբել իրեն, որովհետև կարճ ժամանակ անց դա կբացահայտվի։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց Լևոն Հովհաննիսյանը
«Ես թիմային աշխատող եմ, ինձ նոր չեք ճանաչում, և ուզում եմ, որպեսզի բոլորս համատեղ ուժերով արդյունքներ գրանցենք»,–ասաց նա։
Նրա խոսքով`նույնիսկ ամենածանր պահերին պետք է բոլոր խնդիրները քննարկել և համատեղ որոշումներ կայացնել։
Հայկ Մարությանը հրավիրվել է ոստիկանություն, բայց հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ
Հիշեցնենք` 2021թ–ի դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով` «Իմ քայլը» դաշինքի առաջին համարի ներքո։
Նրա փոխարեն ավագանին քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին, որի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 25–ին։