Արմեն Սարգսյանը փորձում է խուսափել այն գործընթացներից, որոնք կարող են սկսվել. Օհանյան

Սեյրան Օհանյան
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը համոզված է` Սարգսյանը չկարողացավ նախագահական ինստիտուտը դարձնել իշխանությունը զսպող մեխանիզմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է խուսափել արտաքին և ներքաղաքական գործընթացներից, որոնք կարող են առաջիկայում սկսվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Ի՞նչ է նախատեսվում ՀՀ նախագահի հրաժարականի դեպքում. Սիմոնյանը հայտարարություն արեց
«ՀՀ նախագահի անգործունեության վերջին 3 տարվա դիտարկումները թույլ են տալիս եզրակացնելու, որ նա լիարժեք չի կարողացել կատարել իր պարտականությունները, որքան էլ որ իր տեքստում մեղադրի Սահմանադրությանը, իր ու ընտանիքի նկատմամբ վերաբերմունքին։ Նախագահը սահմանադրությամբ հանդիսանում է հանրապետության գլուխը, ու ինքն ուներ և՛ արարողակարգային, և՛ ուղղակի պարտականություններ Հայաստանի անվտանգության ու տարածքային ամբողջականության երաշխիք հանդիսանալու համար, բայց նա այդ ամենը չի արել»,– նշեց Օհանյանը` չբացառելով, որ կարող է Հայաստանի համար ոչ շահեկան փաստաթուղթ ստորագրվել։
Նախագահը կարող էր իր ինստիտուտի շնորհիվ զսպող մեխանիզմ ձևավորել, որոնց շնորհիվ թույլ չէին տա բավականին լուրջ սխալներ կատարել, սակայն թերացել է իր պարտականությունները կատարելու հարցում։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` Սարգսյանի լուռ համաձայնությամբ կամ կառավարության հետ համագործակցության արդյունքում կադրային քաղաքականության վրա բացասական ազդեցություն է եղել, հատկապես ռազմական ոլորտում։

«Ցավում եմ, որ նա հրաժարական է տվել դրսից, չգիտեմ պատճառն ինչ է եղել, իմ տեղեկություններով` առողջական խնդիր չունի։ Եթե նա ցանկանում է հայ ժողովրդի ապագային վերաբերող որևէ բան ապացուցել, ապա ընդհակառակը, պետք է լինի այստեղ և շարունակի իր գործունեությունը»,– նշեց Օհանյանը։

Դրա հետ մեկտեղ «Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ խմբակցությունը քննարկում կանցկացնի և կորոշի՝ առաջադրել իր թեկնածուին, թե ոչ: Նրա խոսքով՝ պետության ղեկավար պետք է ընտրվի մի մարդ, որը հարգված է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում:
Հիշեցնենք` երեկ երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա նշել է, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Ինձ համար այդ հրաժարականն առնվազն ուշացած էր. Արթուր Վանեցյան
Հավելենք, որ հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Թեկնածու առաջադրելու իրավունք ունի ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդը, իսկ այսօր ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի ու «Հայաստան» դաշինքի պատգամվորների թիվը մեկ քառորդից ավելի է։