ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին բազմաթիվ ռիսկեր են եղել, որոնք հաղթահարվել են գործող իշխանության համբերության շնորհիվ։
Նա նշեց, որ իշխանության համար «իհարկե» անսպասելի էր նախագահի հրաժարականը։
«Նախագահը երբ ուզի՝ կարող է հրաժարական տալ։ Բացատրությունը պետք է ստանաք իրենից։ Առողջականից մինչև ընտանեկան խնդիրներ կարող է ունեցած լինել։ Սա արդեն երրորդ անգամն է, որ նա հրաժարական է տալիս՝ վարչապետի և դեսպանի պաշտոններից։ Արմեն Սարգսյանի տրամաբանությանը հետևելը բարդ է», - ասաց Քոչարյանը։
Նա վստահեցրեց, որ Սարգսյանի վրա ճնշում չի գործադրվել։
Հիշեցնենք` հունվարի 23-ի երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարվում է պաշտոնից։ Նա նշել էր, որ նախագահն անհրաժեշտ գործիքներ չունի երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Հավելենք, որ հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Թեկնածու առաջադրելու իրավունք ունի ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդը։