Ադրբեջանի պաշտպանության նախարարը կայցելի Իրան

Զաքիր Հասանով
Թեհրանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է Զաքիր Հասանովի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարելիք այցի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 25-ին կմեկնի Իրան։ Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն այդ մասին գրառում է արել Twitter-ում։

«Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցին։ Սա լավ սկիզբ է 2022 թվականի համար»,- գրել է նա։

Հատկանշական է, որ այսօր Ադրբեջան է այցելել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմին, որը ժամանել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայան։
Ադրբեջանի դեսպանը և Իրանի պաշտպանության նախարարը խոսել են ռազմական համագործակցության մասին
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ իրանա-ադրբեջանական հարաբերությունները նկատելիորեն վատթարացել էին, կողմերը մի քանի շաբաթ շարունակ փոխադարձ մեղադրանքներ ու սպառնալիքներ էին հնչեցնում։
Իրանի համար սկզբունքային է տարածքային ամբողջականությանն աջակցելը. Ռայիսին` Փաշինյանին
Իրանի իշխանությունները կասկածում էին, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Արդյունքում Իրանի իշխանությունները որոշեցին լայնածավալ զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի սահմանների մոտ՝ միաժամանակ նշելով, որ թույլ չեն տա երրորդ երկրների և օտարերկրյա միջամտողների ներկայությունը Հարավային Կովկասում։
Դեկտեմբերի վերջին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը լիովին վերացված է, իրենք կարողացել են հաղթահարել թյուրիմացությունները։ Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին էլ մի քանի օր անց վստահեցրեց, որ երկու երկրի հարաբերություններում նոր փուլ է սկսվել: