ԱԱԾ–ում եղել եմ, ոստիկանությունում եղել եմ. Շիրինյանի փաստաբանը չի կարողանում գտնել նրան

Փաստաբան Բենիկ Գալստյանը շուրջ 1 ժամ առաջ Facebook-ի իր էջում հայտնել էր, որ դրանից 30 րոպե առաջ Սայաթ Շիրինյանին իր տան բակից ինչ–որ անձինք տարել են անհայտ ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանի փաստաբանն արդեն շուրջ 1.5 ժամ է, ինչ չի կարողանում որևէ լուր տանալ իր պաշտպանյալից։
Այս մասին փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Իրավապահ համակարգի մի քանի կառույց մտա, դեռևս տեղեկություն չունեմ։ ԱԱԾ եմ մտել, ոստիկանության կենտրոնական ապարատ, ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն, այս տեղերում դեռևս տեղեկություններ չունեն»,– ասաց Գալստյանը։
Սայաթ Շիրինյանի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել
Փաստաբանը հայտնեց, որ ներկա պահին որևէ ենթադրություն չունի, թե ինչի հետ կարող է կապված լինել իր պաշտպանյալի հետ կատարվածը։
Նշենք, որ փաստաբանը շուրջ 1 ժամ առաջ Facebook-ի իր էջում հայտնել էր, որ Սայաթ Շիրինյանին իր տան բակից ինչ–որ անձինք տարել են անհայտ ուղղությամբ։
«Մոտ 30 րոպե առաջ դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման է ենթարկվել Սայաթ Շիրինյանը։ Պարոն Շիրինյանի գտնվելու վայրի մասին մինչ այս պահը որևէ տեղեկություն չունեմ»,– գրել էր նա։
Հիշեցնենք, որ Շիրինյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):
Շիրինյանի դեմ ոստիկան է ցուցմունք տվել. պաշտպանն արդար դատաքննության հույս ունի
ՔԿ–ն 2020-ի դեկտեմբերի 23–ին հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Շիրինյանը Facebook-ում բռնության կոչեր պարունակող գրառում է արել` ուղղված օգտատեր Սուսաննա Ավշարյանին։ «Սուսաննա Ավշարյան, եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չէ»,– գրել էր Շիրինյանը։
2020 թ–ի դեկտեմբերի 22-ին գրառման առնչությամբ քրեական գործ էր հարուցվել, և Շիրինյանը ձերբակալվել էր։ Անցյալ տարի դեկտեմբերի 25-ին դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել։