ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. 2021 թվականին ՀՀ պետբյուջեից 6 մլրդ 700 մլն դրամ է հատկացվել վիրավոր զինծառայողների վերականգնողական օգնությանը: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը պարզաբանեց, որ ի սկզբանե այս ծրագրի համար նախատեսված է եղել 3 մլրդ 296 մլն դրամ։ Սակայն այս գումարն անընդհատ վերանայվել է, հետագայում միջոցներն ավելացվել են։
«Մենք ընդունել ենք ֆինանսավորման այս մեխանիզմը, որպեսզի լիարժեք կազմակերպենք վիրավոր զինծառայողների բուժումը»,–ասաց նա։
Արդյունքում պետբյուջեից 6 մլրդ 700 մլն դրամ է հատկացվել այս խնդիրների լուծման համար։ Ծրագրի շրջանակներում զինվորները կշարունակեն բուժում ստանալ։
Նա նաև պարզաբանեց, որ այս ծրագիրը ֆինանսավորման մեխանիզմով տարբերվում է այլ ծրագրերից։ Մասնավորապես, դրա ֆինանսավորումը օֆերտայի սկզբունքով է կազմակերպվում, այսինքն ծառայությունները մատուցելու կատարողականի հիմքով, և ֆինանսավորումը սահմանափակված չէ տարեկան բյուջետային շրջանակներով: