ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգյսանի հրաժարականին, շեշտելով, որ այն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ:
Նրա համար անհասկանալի է, թե ինչու հիմա, կիրակի օրով, երեկոյան Սարգսյանը որոշեց հրաժարական տալ, այն դեպքում, երբ մի քանի օր առաջ ՀՀ նախագահը ԱՄԷ-ից 200 մեգավատ հզորությամբ արևային էներգիայի կայանի ֆինանսավորում էր ստացել, և հայտարարվել էր, որ դա միայն սկիզբն է:
«Իրադարձությունները զարգանում են շատ արագ, իսկ հրաժարականն ակնհայտորեն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ: Մեկ բան անվիճելի է. Հայաստանում փոխվեցին քաղաքական իրողություններ, իսկ իրադարձությունների հետագա զարգացումը կարող է հանգեցնել ամբողջական իշխանափոխության: Պետք է լինել զգոն, սթափ ու շրջահայաց. դրված է հայկական պետականության գոյության հարցը...»,–գրել է Ղազինյանը։
Հիշեցնենք` այսօր երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա նշել է, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։