ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի որոշումը շատ անսպասել էր, բացի այդ, երկրի քաղաքական շրջանակներում ոչ ոք իրադարձությունների նման շրջադարձ չէր ենթադրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սարգսյանը։
Նրա խոսքով`մեկ տարի առաջ Սարգսյանը պահանջեց վարչապետի հրաժարականը,բայց համապատասխան քայլեր չձեռնարկեց ու դրանով իսկ էլ ավելի թուլացրեց նախագահական ինստիտուտը։ Դրանից հետո նախագահն ու վարչապետը շարունակեցին «համագործակցությունը» և թվում էր, թե ընդունելի լուծում գտան հետագա համատեղ աշխատանքի համար։
«Բացի այդ, վերջին ամիսների իրադարձությունները, Թուրքիայի հետ հաշտեցման կտրուկ շրջադարձը, ընդ որում ՝ անհիմն շրջադարձը, կարծում եմ, ստիպել է Արմեն Սարգսյանին հրաժարական տալ, որպեսզի չդառնա այնպիսի վտանգավոր «միության» մասնակից, որտեղ Թուրքիան շարունակում է Հայաստանի նկատմամբ իր էքսպանսիոնիստական քաղաքականությունը»,–ասել է Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ նախագահի հրաժարականը քաղաքական սուր ճգնաժամի ևս մեկ նախանշան է, որը նշանակում է խորացող պառակտում իշխանական կառույցի և հասարակության միջև։
«Կարող եմ ասել, որ մենք հայկական նոր էլիտայի ձևավորման ճանապարհին ենք, առանց որի հնարավոր չի լինի լուծել այս սուր քաղաքական ճգնաժամը։ Ընդ որում, այս իրավիճակում Ռուսաստանը, որպես Հայաստանի դաշնակից, չի կարող անտարբեր լինել`թե ում օգտին կլուծվի այդ խնդիրը, և արդյո՞ք տեղի ունեցածը Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չէ »,-ասաց նա։
Հիշեցնենք` այսօր երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա նշել է, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։