Հայաստանում ռուս մասնագետների աջակցությամբ նոր «սուպերսերմեր» են փորձարկվում

Գյումրիում չորաերաշտադիմացկուն և ջերմադիմացկուն մշակաբույսերի սերմերի փորձարկմամբ սկսել են զբաղվել 2019 թվականից, արդյունքները գոհացնող են:
Sputnik
Առաջիկայում Հայաստանում կհայտնվեն հացահատիկային կուլտուրաներ, որոնք կարող են դիմակայել գլոբալ տաքացմանը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում Անդրկովկասում սերմնարտադրությամբ զբաղվող ամենամեծ՝ «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ում՝ Սանկտ Պետերբուրգի Ն.Ի. Վավիլովի անվան գիտահետազոտական ինստիտուտի աջակցությամբ:
«Այն սերմերը, որ հիմա մենք օգտագործում ենք, մոտ ապագայում միանշանակ չեն ապահովվի բերքատվություն: Փոխարենը, արդյունք ապահովվելու համար, պետք է ունենանք այն սերմերը, որոնք հարմարեցված կլինեն կլիմայական փոփոխություններին: Մեզ պետք են «սուպերսերմեր», բայց պարտադիր՝ հայկական»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Դավիթ Մարտիրոսյանը
Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյան
«Հաշվի առնելով ջերմաստիճանի բարձրացման դինամիկան և վերջին տարիներին արձանագրված գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվության անկումը՝ կարելի է եզրակացնել, որ այն սերմերը, որոնք ներկայումս օգտագործվում են միջնաժամկետ հեռանկարում, կարող են էականորեն կորցնել իրենց ակտուալությունը և բերքատվության բավարար մակարդակը»,- նշեց Դավիթ Մարտիրոսյանը փաստելով, որ օր առաջ պետք է զբաղվել չորաերաշտադիմացկուն և ջերմադիմացկուն սերմերի սելեկցիայով և սերմնաբուծությամբ:
Այս տեմպերով կայանը խոստանում է՝ տեսանելի արդյունք կունենան 2 տարվա ընթացքում՝ ակտիվ համագործակցելով Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի՝ «Կայուն համայնքներ» ծրագրի հետ։ Ի դեպ, կայանն ունի ժամանակակից լաբորատորիա անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:
Գյումրիի սելեկցիոն կայանի սերմացուները
Շուրջ մեկդարյա պատմություն ունեցող կայանը նոր՝ գլոբալ կլիմայական փոփոխություններին հարմարեցված չորաերաշտադիմացկուն և ջերմադիմացկուն սերմերի մշակումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջիկայում Սանկտ Պետերբուրգի Ն.Ի. Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների համառուսական հետազոտական ինստիտուտ վերապատրաստման կգործուղի իր երիտասարդ 4 մասնագետներին: Աշխարհում ճանաչված գիտահետազոտական ինստիտուտում վերապատրաստում անցնելուց հետո երիտասարդները կվերադառնան և իրենց ստացած գիտելիքը կկիրառեն հայրենի Գյումրիում:
Ծրագիրն իրականացվում է ռուսաստանյան ինստիտուտի հետ կնքված համագործակցության պայմանագրի շնորհիվ:
1 / 8
Գյումրիի սելեկցիոն կայանի մուտքի ցուցանակը
2 / 8
Գյումրիի սելեկցիոն կայանի արխիվային լուսանկար
3 / 8
Գյումրիի սելեկցիոն կայանի արխիվային լուսանկար
4 / 8
Գյումրիի սելեկցիոն կայանի արխիվային լուսանկար
5 / 8
Գյումրիի սելեկցիոն կայանի արխիվային լուսանկար
6 / 8

Գյումրիի սելեկցիոն կայանի սերմացուները

7 / 8
Գյումրիի սելեկցիոն կայանի հացահատիկի խուրձերը
8 / 8

Գյումրիի սելեկցիոն կայանի սերմացուները

Խոսելով երկրի պարենային հարցում կայանի ունեցած դերի մասին, տնօրենը փաստում է՝ միայն կլիմայի փոփոխության դեպքում չէ, որ կայանը կարևոր խնդիր է լուծում:
«Արտադրում ենք այն ծավալի հացահատիկային և հատիկաընդեղային մշակաբույսերի սերմեր, որ բավարարում է հանրապետության զգալի պահանջարկը: Մեծ աշխատանքներ ենք տանում այդ ծավալները մեծացնելու ուղղությամբ»,- տեղեկացրեց Դավիթ Մարտիրոսյանը։
Նա շեշտեց՝ Հայաստանն իրավունք չունի ոչ մի թիզ հող չմշակելու, սակայն այսօրվա դրությամբ մեր վարելահողերի 50 տոկոսն էլ չի օգտագործվում: