Ղրղզստանում կստուգեն բոլոր պաշտոնյաների բարձրագույն կրթության դիպլոմների իսկությունը

Երկրի ազգային անվտանգության կոմիտեն դրանով կզբաղվի առաջիկա երեք ամիսների ընթացքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն կստուգի հանրապետության բոլոր պաշտոնյաների ու պատգամավորների բարձրագույն կրթության դիպլոմների իսկությունը: «ՌԳ»-ի փոխանցմամբ տեղեկությունը հայտնել է պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը։
«Եթե պարզվի, որ որևէ մեկի դիպլոմը կեղծ է, նրան կազատեն պետական ծառայությունից կամ կզրկեն մանդատից», - ասել է նա:
Ո՞վ ասաց՝ կեղծ է. նախարարը` մարզպետների դիպլոմների մասին
Տաշիևը նշել է, որ 1995 թվականից սկսած երկրում ավելացել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կեղծ փաստաթղթերի թիվը:
«Այժմ որոշ կեղծ դիպլոմ ունեցողներ պետական կառույցներում պաշտոններ են զբաղեցնում։ Կստուգենք յուրաքանչյուրին», - խոստացել է նա։
Ավելի վաղ ՂՀ ազգային անվտանգության պետական կոմիտեն քրեական գործ էր հարուցել Ջալալաբադի պետական համալսարանի ղեկավարների նկատմամբ՝ խորհրդարանի պատգամավոր Օրոզայ Նարմատովայի՝ բուհ ապօրինի կերպով ընդունվելու փաստով, որից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել էր խորհրդարանականի գրանցումը: