«Գազպրոմ Արմենիան» հայտնել է Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած պայթյունների պատճառը

Կատարվում է ուսումնասիրություն՝ արտահոսքի հստակ տեղի հայտնաբերման և վթարավերականգնման աշխատանքներ կատարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այսօր Երևանի Տիչինայի փողոցով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարից տեղի է ունեցել արտահոսք, որի արդյունքում հարակից առանձնատներում առաջացել է գազաօդային պայթյունավտանգ խառնուրդի կուտակում և տեղի է ունեցել պայթյուն։
«Նշված գազատարով դադարեցվել է գազամատակարարումը՝ արտահոսքի տեղը հայտնաբերելու և հետագա վթարավերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ինչո՞ւ էր Գյումրիում գազի հոտ տարածվել․ «Գազպրոմը» պարզաբանում է
Այս պահին հողային աշխատանքներն ավարտվել են, կատարվում է ուսումնասիրություն արտահոսքի հստակ տեղի հայտնաբերման և վթարավերականգնման աշխատանքների համար, որից հետո Գազի մատակարարման և օգտագործման կանոնների փուլային տարբերակով կվերականգնվի գազասպառողների գազամատակարարումը։
Հիշեցնենք, այսօր Տիչինայի փողոցում տեղի էր ունեցել 2 պայթյուն, որից մեկն ուղեկցվել է հրդեհի բռնկմամբ, մյուսը` փլուզմամբ։