ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Հայաստանի նախագահի պաշտոնը լքելու մասին Արմեն Սարգսյանի որոշումը տրամաբանական է և բխում է 2015 թվականի սահմանադրական բարեփոխումից ու դրան հաջորդած 2018 թվականի իշխանափոխությունից հետո հանրապետությունում ստեղծված քաղաքական-իրավական ներկայիս դասավորությունից, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։
Նրա խոսքով՝ Արմեն Սարգսյանը թեև սահմանափակ լիազորություններով նախագահի կարգավիճակում էր, այնուամենայնիվ, փորձում էր առավելագույնս օգտակար լինել միջազգային ասպարեզում Հայաստանի շահերի առաջմղման համար՝ հաշվի առնելով նրա երկարամյա քաղաքական ստաժն ու արտասահմանում ճանաչելիությունը:
Սակայն նրա հնարավորությունները Փաշինյանի կառավարության մոտ պահանջարկ չունեին։ Փորձագետն ընդգծում է, որ հակասություններն ակնհայտ էին հենց սկզբից, այսինքն՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո, և տարիների ընթացքում ավելի ու ավելի ակնհայտ դարձան։ Մասնավորապես՝ Սարգսյանն առաջինը կոչ արեց Հայաստանի կառավարությանը հրաժարական տալ Ղարաբաղյան պատերազմի դադարեցման նվաստացուցիչ պայմանների վերաբերյալ Փաշինյանի համաձայնությունից հետո։
«Արմեն Սարգսյանի այսօրվա որոշումը վկայում է այն մասին, որ հակասություններն արդյունքում վերաճել են հայացքների հակամարտության՝ ՀՀ նախագահի և Հայաստանի փաստացի ղեկավար հանդիսացող վարչապետ Փաշինյանի միջև հայկական պետականության հետագա զարգացման վերաբերյալ։ Չի բացառվում, որ Սարգսյանի համար վերջին կաթիլը դարձավ Երևանի՝ Անկարայի հետ հարաբերությունները ջերմացնելու քաղաքականությունը։ Նման իրավիճակում Սարգսյանը համարել է, որ հետագայում իր և երկրի ներկայիս քաղաքական ղեկավարության ճանապարհները տարբեր են», - ասաց Արեշևը։
Հիշեցնենք` այսօր երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա նշել է, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։