Արմավիրի մարզի Դարալիկ գյուղի ոչ մեծ սեփական տանը համեստ, բայց երջանիկ կյանքով ապրում է Ենգոյանների ընտանիքը։ Դա պարզ է դառնում նրանց տանը գտնվելու առաջին իսկ վայրկյաններից։ Ավագ երեխաները խնամում են կրտսերներին, կերակրում են և հագցնում, իսկ փոքրերը հնարավորինս լուռ են մնում, որպեսզի չխանգարեն ամենափոքրին՝ Մոնթեին, որը մեկ շաբաթ առաջ է ծնվել։
Քրիստինե Մանուկյանը նորածին Մոնթեյի հետ
© Sputnik / Aram Nersesyan
Մոնթեն ընտանիքի 10-րդ երեխան է։ Նրա ծնողները՝ 44-ամյա Սամվելն ու 39-ամյա Քրիստինեն, միշտ երազել են շատ երեխաներ ունենալ, բայց այն ժամանակ չորսի մասին էին մտածում։ Բայց քանի որ հենց աղջկա լույս աշխարհ գալուն էին սպասում, իսկ աղջիկը յոթերորդը ծնվեց, որոշեցին՝ ինչպես Աստված կտա։ Բայց այստեղ միջամտեցին բժիշկները․ բժշկական նկատառումներով Քրիստինեին այլևս կեսարյան հատում անել չի կարելի (նա հինգ այդպիսի վիրահատություն է ունեցել)։
- Ինչպե՞ս էիք ձեր ամուսնուն ամեն անգամ հայտնում հղի լինելու մասին։
- Ինքը չի հայտնում, պապան միշտ ավելի շուտ է գլխի ընկնում,-կատակում է ավագ որդին՝ 22-ամյա Հարությունը։
-Կարո՞ղ եք առանց մտածելու երեխաների անուններն ու տարիքը նշել։
- Իհարկե, Հարություն՝ 21, Դավիթ՝ 20, Արգիշտի՝ 18, Մինաս՝ 15, Արման՝ 12, Նարեկ՝ 10, Ագնեսա՝ 6, Արթուր՝ 4, Ալեքս՝ 2, վերջինն էլ Մոնթե,-առանց շփոթվելու թվարկում է Քրիստինիեն։
Հարություն Ենգոյանն օգնում է հագնվել փոքր եղբորը
© Sputnik / Aram Nersesyan
-Իսկ անուններն ո՞վ է ընտրում։
- Սկզբում երկուսով էինք որոշում, հետո երեխեքն էլ սկսեցին օգնել։
Քրիստինեն չի հասցնում խոսքն ավարտել, քանի որ մեզ է մոտենում 4 տարեկան Արթուրը և «մամասի՜կ» (այդպես է դիմում մայրիկին - խմբ․) բացականչելով՝ խնդրում է, որ համբուրի եղբորը։ Աստիճանաբար սենյակը լցվում է ճաշից հետո խոհանոցից վերադարձող երեխաներով։ Նրանք տեղավորվում են ծնողների կողքին։ Երեխաներն իրար են նայում և ծիծաղում։ Ագնեսան պարբերաբար գրկում է Մոնթեին․ փոքրիկի ծնվելուց հետո նա գրեթե չի հեռանում մայրիկից և փորձում է օգնել, ինչով կարող է։
Ընտանիքում որևէ մեկին երես չեն տալիս, անգամ միակ դստերը։ Ծնողները կարևոր սկզբունք ունեն․ բոլորը պետք է հարգեն մեծերին և օգնեն փոքրերին։ Երեխաներն ինքնուրույն են, յուրաքանչյուրը գիտի, թե երբ և ինչով պետք է զբաղվի։ Փորձում են չխանգարել միմյանց, անհրաժեշտության դեպքում՝ օգնել ծնողներին։ Նրանց տանը երբեմն այնպիսի լռություն է, որ հարևանները կատակով խնդրում են իրենց երեխաներին էլ վերցնել և դաստիարակել։
«Բոլորին հետաքրքիր ա մեր տան կաթսայի չափը։ Գյուղի տատիները մեր տան հյուրերին հարցուփորձ էին անում դրա մասին։ Բայց մեր երեխեքը ուտող չեն, մեր տան կռվի թեման իրանց չուտելն ա»,-պատմում է Քրիստինեն։
Արթուր Ենգոյան, 4 տարեկան
© Sputnik / Aram Nersesyan
Սամվելն ավելացնում է, որ այդ առումով իրենց ուրախացնում է միայն 4-ամյա Արթուրը․ նա կարող է օրական երկու լիտր կաթ խմել։ Ի հաստատումն հոր խոսքերի՝ տղան վազում է իր շշի հետևից և ցուցադրաբար խմում է կաթը։ Ի դեպ, հենց նա է երեխաներից ամենաակտիվն ու փորձում է ամեն կերպ ուշադրություն գրավել՝ խաղալիք մեքենան է քշում, բարձրանում է սեղանին և պարբերաբար սկսում է խաղալ լուսանկարչի հետ։ Այս ընտանիքում խիստը մայրն է, իսկ հայրը կատակում է, թե տղաները ինն են, իսկ ինքը մենակ ի վիճակի չէ դիմադրել նրանց։
«Մեր գյուղում ընտանիքներ կան, որտեղ 6-7 երեխա կա, բայց մերը բացարձակ ռեկորդ է»,-կատակով նկատում է ընտանիքի հայրը։
Քրիստինեն ավելացնում է՝ գլխավորն այն է, որ խաղաղություն լինի և երեխաներն առողջ լինեն։ 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց ավագ որդիները՝ Հարությունն ու Դավիթը, ծառայում էին Արցախում։ Նրանք լավ գիտեն, թե ինչ են զգում պատերազմի մասնակիցների ծնողները։ Դավիթը կզորացրվի ամռանը, և բանակ կգնա երրորդ որդին՝ Արգիշտին։ Անհանգստությունները կշարունակվեն։
«Մոնթեի անունն էլ պատերազմը թելադրեց։ Մենք ուրախացանք, որ ծնվեց, ոչ մի դժվարությունից չենք վախենում։ ՄԵնակ խաղաղություն ենք ուզում»,-ասում է Քրիստինեն։
Ալեքս Մանուկյան, 2 տարեկան
© Sputnik / Aram Nersesyan
Ինչպես և ցանկացած ընտանիք, Ենգոյանները ևս դժվարություններ են ունենում, բայց գերադասում են չխոսել դրանց մասին։
Ընտանիքը հիմնական եկամուտը ստանում է անասնապահությունից և գյուղատնտեսությունից։ Փորձում են իրենց ապահովել անհրաժեշտ ամեն ինչով՝ բանջարեղենով, կաթով և կաթնամթերքով։ Ապրում են համեստ, բայց արժանապատվորեն։ Սամվելը պատմում է, որ ամենադժվարը հունվարին գոյատևելն է, քանի որ աշխատանքը կանգնած է, իսկ, այ, գարնանն ամեն ինչ եռում է։
-Գուցե ձեզ օգնությո՞ւն է պետք։ Ֆինանսական․․․
-Մենք ոչ մեկից ոչինչ չենք խնդրում։ Մեր երեխեքին մեզ համար ենք ունենում, ոչ թե ուրիշների վզին փաթաթելու։
Վերջում ընտանեկան լուսանկար ենք անում։ Ծնողները կանգնում են կենտրոնում, երեխաները՝ նրանց շուրջ։ Հարությունը երկու տարեկան Ալեքսին գրկում-բարձրացնում է իր դեմքին հավասար, այնպես, որ ինքը չի երևում։ Բոլորը տեղում են, բացի բանակում գտնվող Դավթից և կրկնուսույցի մոտ դասի գնացած Արգիշտիից։ Գրեթե պատրաստ ենք, և հանկարծ, ճիշտ ինչպես «Տանը միայնակ» ֆիլմում, բոլորը միաժամանակ բացականչում են․ «Վայ, Մինասը չկա»։
Մինասը դպրոցում է, և այս անգամ լուսանկարն առանց նրա է ստացվում։
Ենգոյանների բազմազավակ ընտանիքը
© Sputnik / Aram Nersesyan