Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը

Ազգային ժողովն արդեն ստացել է Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը

Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովն արդեն ստացել է Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը ՀՀ նախագահի պաշտոնից: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից»,- նշված է ՀՀ Սահմանադրության 142-րդ հոդվածում:
Հիշեցնենք` այսօր երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա նշել է, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։