ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. ՀՀ Սահմանադրության 126 հոդվածի համաձայն՝ ՀՀ նախագահի հրաժարականի պահից ոչ շուտ քան 25 և ոչ ուշ, քան 35 օրվա ընթացքում պետք է անցկացվի նոր ընտրություն, Sputnik Արմենիային հայտնեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
Նրա խոսքով` ՀՀ նախագահի պաշտոնի համար պահնջվող չափանիշները հետևյալն է. պետք է լրացած լինի թեկնածուի 40 տարին, վերջին 6 տարում լինի միայն ՀՀ քաղաքացի և վերջին 6 տարում մշտապես բնակվի ՀՀ–ում։
«Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Ընտրության կարգը հետևյալն է. թեկնածու առաջադրելու իրավունք ունի ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդը։ Տեսականորեն մենք կարող ենք ունենալ 4 թեկնածու։
Առաջին փուլից ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է ձայների երեք չորորդը։ Եթե ոչ մի թեկնածու չի ստացել այդքան ձայն, ապա երկրորդ փուլում քվեարկությունից հետո ընտրված է համարվում ձայների երեք հինգերորդը ստացած թեկնածուն։ Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների կեսից ավելին»,–նշեց Այվազյանը:
Ըստ Սահմանադրության, եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է նախագահի նոր ընտրություն` նույն փուլերով։
«Այսօր Հայաստանում ընդդիմության թիվը մեկ քառորդից ավելի է, այսինք հնարավորություն ունի թեկնածու առաջադրել»,–ասաց Այվազյանը։
Հիշեցնենք` այսօր երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա նշել է, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։