Նախկին նախարարները հոգեբուժարաններով չեն զբաղվել. Արման Թաթոյանը նոր զեկույց է ներկայացրել

Հոգեբուժարան
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ գործող նախարարից առաջ հայաստանյան հոգեկան առողջության կենտրոններում բարեփոխումներ չեն կատարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մամուլի ասուլիսում ներկայացրել է Հայաստանի հոգեկան առողջության կենտրոնների վիճակը՝ համեմատելով այն 2017-ին ՄԻՊ–ի գրասենյակի կողմից կատարած ուսումնասիրությունների հետ։

«Ցավոք, մեծ հաշվով գործնականում վիճակը նույնն է՝ սկսած կառավարության մակարդակով ոչ ճիշտ պետական քաղաքականությունից մինչև անփույթ վերաբերմունք հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ։ Արձանագրեմ, որ ինչ դրական փոփոխություն եղել է, կա՛մ դրվագային է, կա՛մ կապված է առողջապահության գործող նախարարի հետ, որովհետև նախկինում այս նախարարության մակարդակով զարգացումներ չենք ունեցել։ Իսկ միայն այս ժամանակահատվածում ոլորտը կարգավորելու համար ընդունվել է 12 ակտ»,–ասաց Թաթոյանը։

ՄԻՊ–ն այցեր է կատարել Սևանի ու Ավանի հոգեկան առողջության կենտրոններ, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր, Վարդենիսի հոգենյարդաբանական տուն–ինտերնատ։ Այցելող խմբերում եղել են ՄԻՊ աշխատակիցներ, հոգեբույժներ, հոգեբաններ, սոցաշխատողներ, իրավաբաններ։ Խմբերն արձանագրել են կենտրոններում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ՝ կեղծված ստորագրություններ, մարդկանց հարկադիր կերակրում, սենյակների փակում և այլն։
Հոգեբուժարաններում համակարգային խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում. Թաթոյան