ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությանը (UNAMA) մտահոգել է երկու աֆղանցի ակտիվիստների անհետացումը։ Կազմակերպությունը հայտարարություն է տարածել։
«ՄԱԿ-ը մտահոգված է երկու աֆղանցի կանանց` Թամանա Զարյաբ Պարյանի և Փարվանա Իբրահիմհելի անհետացման կապակցությամբ, որոնք, ըստ տեղեկությունների, չորեքշաբթի գիշերը առևանգվել են իրենց տներից: Մենք կոչ ենք անում թալիբներին տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի մասին և պաշտպանել բոլորի իրավունքները»,- ասված է UNAMA–ի հայտարարության մեջ։
2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբներն ուժեղացրին իրենց հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է։ Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը՝ Մոհամմադ Հասան Ախունդի գլխավորությամբ։