Եթե Covid-19-ով պայմանավորված նոր սահմանափակումների նկատմամբ իրական վերահսկողություն սահմանվի, և դրանք իսկապես կյանքի կոչվեն, դա կարող է տնտեսական առումով բացասական ազդեցություն ունենալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք պատվաստված չեն և, ըստ Պիպոյանի, միայն սրճարան գնալու կամ ռեստորանում ճաշելու համար չեն պատրաստվում պատվաստվել։
Նա թերահավատորեն է վերաբերվում նոր սահմանափակումները վերահսկող մեխանիզմների գործարկմանը։ Պիպոյանի խոսքով` այդպիսիք գրեթե չկան, դրանց մասին առնվազն չի հայտարարվել, հետևաբար հարց է ծագում` այդ ինչպես են վերահսկելու մեծաթիվ միջոցառումների` հարսանիքների, կնունք-ծնունդների, հուղարկավորությունների մասնակիցներին։
«Պատվաստված լինելը դեռևս առողջ լինելու երաշխիք չէ։ Այն գործիք է, որ մարդիկ հիվանդությունը թեթև տանեն, հոսպիտալացումներն ու մահացություններն ավելի քիչ լինեն։ Կիսահղի չեն լինում. կա՛մ պետք էր իրականում սահմանել այնպիսի չափորոշիչներ, որ ռեստորաններ, սրճարաններ մուտք գործելը առողջությունը վկայող փաստաթղթով լիներ, կա՛մ ոչինչ չանել»,- նշեց նա։
Հիշեցնենք` 2022 թվականի հունվարի 22-ից, ՀՀ առողջապահության նախարարության որոշման համաձայն, հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, ինչպես նաև մշակութային գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ կկարողանան մուտք գործել միայն ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները կամ նրանք, ովքեր ՊՇՌ թեստի բացասական արդյունքների մասին տեղեկանք կտրամադրեն (առավելագույնը 72 ժամ վաղեմության):
Նախարարության պահանջը խախտած տնտեսավարողները ստիպված կլինեն 100-300 հազար դրամ տուգանք վճարել։