ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանի հոգեկան առողջության կենտրոններում դեղամիջոցների պահպանումն ու կիրառումը խիստ մտահոգիչ է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով` որոշ կենտրոններում կիրառել են դեղորայք, որը 2020-ից առողջապահության նախարարի հրամանով արգելված է համարվել։
«Սևանի և Վարդենիսի կենտրոններում հայտնաբերվել են ժամկետանց դեղամիջոցներ։ Արձանագրվել են նաև փաստեր, երբ բավականին երկար ժամանակով ժամկետանց են եղել բժշկական պարագաներ և գործիքներ՝ անգամ երկու տարվա ժամկետով»,–ասաց Թաթոյանը։
Ըստ ՄԻՊ–ի` կենտրոնների մեծ մասում խառը դեղորայքներ են կիրառվում՝ առանց դրանց համատեղելիության պարզման։ Բացի այդ, պատշաճ ձևով չեն կատարվում հոգեբույժների հետ թերապիայի սեանսները։
Թաթոյանը նշեց` ողջունելի է, որ 2021-ին Ավանի հոգեկան առողջության կենտրոնում բացվել է անչափահասների համար բաժանմունք, որում կարող է ստացիոնար բուժվել 12 անչափահաս։ Բայց, այնուամենայնիվ, մարզերում ապրող և խնդիրներ ունեցող անչափահասների համար կենտրոններ չկան, և երեխաներին անհրաժեշտ է լինում տեղափոխել Երևան։
Հիշեցնենք՝ Արման Թաթոյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2018-ի իրադարձություններից առաջ՝ 2016 թվականի փետրվարի 23-ին։ Վեց տարի անց՝ 2022-ի նույն օրը, նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվելու է։