Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սելդար Քըլըչի երկրորդ հանդիպումը երրորդ երկրում բացառելու թուրքական կողմի հայտարարությունը խոսում է պաշտոնական Անկարայի կողմից նախապայման առաջ քաշելու մասին և ուղղակիորեն կապված է ուկրաինական ճգնաժամի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Թուրքիան այս ամենն անում է Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ–ի ցանկությամբ ու գիտությամբ։ Խնդիրը պարզ է` մեկուսացնել Ռուսաստանին տարածաշրջանային գործընթացներից և զրկել հայ-թուրքական բանակցություններում միջնորդ կամ երրորդ կողմ լինելու հնարավորությունից»,- նշեց նա։
Բալասանյանի խոսքով` Թուրքիայի հայտարարության և միջազգային իրավիճակի լարման հետ փոխկապակցվածությունն այնքան ակնհայտ է, որ թուրքական կողմը չի էլ թաքցնում դա. միջազգային հարաբերություններում նման համընկնումներ սովորաբար չեն լինում, և հիմա պարզից էլ պարզ է, թե ինչու Թուրքիան հանկարծ որոշեց խոսել։
«Թուրքիան կարծես թե ոչինչ չէր խոսում այդ մասին, ավելին` առաջին հանդիպման ժամանակ լարվածություն չի եղել, ռուսական կողմն ամեն ինչ արել է, որ կողմերն իրենց հանգիստ ու ազատ զգան, իսկ թե ինչու Թուրքիան հանկարծ որոշեց, որ երրորդ երկրում չեն կարող հանդիպել, սա միանշանակ կապված է սրման հետ»,- ընդգծեց Բալասանյանը։
Միջազգայնագետը անհավանական է համարում տեսակետը, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը երրորդ երկրում բացառելու թուրքական պահանջը կարող է համաձայնեցված լինել Հայաստանի հետ։ Բոլոր դեպքերում դա հայկական կողմի համար ձեռնտու չէ։ Մյուս կողմից` դեռևս չկա այս հարցի վերաբերյալ պաշտոնական Երևանի արձագանքը։
Բալասանյանն առաջարկում է սպասել Հայաստանի կառավարության պատասխանին, որից հետո միայն պարզ կլինի, թե որն է թուրքական կողմի նման դիրքորոշման պատճառը։
Նշենք, որ հունվարի 20-ին` հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից 6 օր անց, Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Անկարան Երևանի հետ երրորդ երկրում բանակցություններ վարելու անհրաժեշտություն չի տեսնում։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։