Ոսկեհատցի տղան ծանոթների անունով առցանց ձևակերպել է վարկեր. կանխիկացնելուն օգնել է մայրը

Վճարային տերմինալ
Իրավապահները պարզել են մեխանիզմը, որով նրանց հաջողվել է ստանալ բանկային քարտերի տվյալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 27-ամյա բնակիչը մոր հետ, երբեմն էլ միայնակ, խաբեությամբ հափշտակել է ծանոթների անձնագրային ու բանկային քարտի տվյալները, վարկեր ձևակերպել նրանց անուններով, ապա կանխիկացրել վարկերի գումարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել շուրջ 10 անձի։ Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները, հափշտակության մեխանիզմը, տուժածների շրջանակը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 27-ամյա բնակիչը, համագործակցելով իր մոր հետ և որոշ դեպքերում գործելով ինքնուրույն, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով ձեռք է բերել համագյուղացիների, ծանոթների անձնագրերի և բանկային քարտերի տվյալներն ու առանց նրանց գիտության, առցանց եղանակով, ձևակերպել է վարկեր, որոնք հետագայում կանխիկացրել է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Իրավապահները պարզել են մեխանիզմը, որով նրան հաջողվել է ստանալ բանկային քարտերի տվյալները։ Եվ այսպես, 27-ամյա երիտասարդի մայրն ասել է, որ արտերկրում ապրող որդին գումար է փոխանցել հիշյալ անձանց պատկանող բանկային քարտերին։ Նրանց խնդրել է իրեն տրամադրել բանկային քարտերը, որից հետո կանխիկացրել է փոխանցված գումարը՝ հափշտակելով քաղաքացիների անվամբ վերցված վարկերի գումարները:
Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ գումար հափշտակած անձը ձերբակալվել է
Քննությամբ պարզվել է, որ մոր և որդու հանցավոր գործունեության արդյունքում քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 7․173․429 ՀՀ դրամի վնաս:
27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 2-րդ կետով (6 դրվագ) և 184-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ):
Ինչ խաբեությունների են դիմում վարկային կազմակերպությունները. ոստիկանությունը զգուշացնում է
Մորը մեղադրանք է առաջադրվել 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (6 դրվագ): Որպես խափանման միջոց մոր և որդու նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: