ՌԱԴԻՈ

Նոր սահմանափակումները` նոր շոուների առիթ. այս անգամ թիրախում ռեստորանային բիզնեսն է

Հանրային վայրերում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նոր սահմանափակումների մասին Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք «Ասադոր» ռեստորանի հիմնադիր և սեփականատեր Արսեն Հովհաննիսյանի հետ։
Sputnik
Պատվաստված լինելու կամ վերջին 72 ժամվա ընթացքում Covid թեստ հանձնելու մասին հավաստող փաստաթղթի կամ QR կոդերի բացակայության դեպքում ռեստորանների, սրճարանների աշխատակիցները վաղվանից ստիպված են հետ ուղարկել հաճախորդներին։ «Ասադոր» ռեստորանի հիմնադիր և սեփականատեր Արսեն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն արդեն այդ մասին տեղեկացրել է անձնակազմին։
Պետք է հաշվի նստել իրողությունների հետ. տնտեսագետը` նոր Covid-սահմանափակումների մասին
Բոլոր աշխատակիցներին զգուշացրել է` հեռախոսի մեջ համապատասխան հավելվածի բացակայության դեպքում պատվաստված լինելու մասին հաճախորդների հավաստիացումները հաշվի չառնել, քանի որ հաճախորդը կարող է ազնիվ չլինել, իսկ նրա՝ ռեստորանից օգտվելու համար սեփականատերը ստիպված կլինի 100-300 հազար դրամ տուգանք վճարել։
Հովհաննիսյանը կարծում է, որ առողջապահության նախարարի որոշումը 30-40 տոկոսով կկրճատի ռեստորանային բիզնեսով զբաղվողների եկամուտները։ Գործընթացն էլ ժամանակատար է, նաև՝ ոչ հաճելի։
Բխում են բոլորի շահերից. Ռոմելլա Աբովյանը` սպասվող սահմանափակումների մասին
«Մենք պետք է մարդկանց այս ցրտին կանգնեցնենք դրսում, ստուգենք, նոր ներս թողնենք։ Կամ նշում են, որ ոստիկանների ուղեկցությամբ մտնելու են` սկսեն հաճախորդներին ստուգել։ Չգիտեմ՝՝դա ռեալ է, ռեալ չէ»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա գնահատմամբ` որոշումը, որով նախատեսվում են այս սահմանափակումները, կիսաքայլ է և տրամաբանությունից դուրս։ Հակահամաճարակային սահմանափակումները արդարացված կլինեին, եթե կրեին համակարգված բնույթ։ Բացի այդ` որևէ երաշխիք չկա, որ պատվաստված մարդը չի կարող կորոնավիրուսով վարակվել և վարակել։
«Եթե ինքը պատվաստված է, դա չի նշանակում, որ այդ պահին վարակված չէ։ Թող դուրս գան` տեսնեն, թե հանրային տրանսպորտում ինչ է կատարվում։ Սա կիսաքայլ է, չմտածված։ Մենք դեմ չենք ինչ-որ քայլերի, բայց եթե այդ քայլերը բոլորի համար են։ Շուտով կսկսեն ինչ-որ շոուներ կազմակերպել, տուգանել, բայց համոզված եմ, որ այդ մեխանիզմը հանրապետության տարածքում չի աշխատելու»,- եզրափակեց Հովհաննիսյանը։
Եթե պատվաստումների տեմպը պահպանվի, կորոնավիրուսի բուժումը վճարովի չի դառնա. փոխնախարար
Հիշեցնենք` 2022 թվականի հունվարի 22-ից, ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, ինչպես նաև մշակութային գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ մուտքը կթույլատրվի միայն ամբողջությամբ պատվաստված քաղաքացիներին կամ նրանց, ովքեր 72 ժամից ոչ ավելի կատարված ՊՇՌ թեստի բացասական արդյունքների մասին տեղեկանք կտրամադրեն: