ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին դարձավ 33 տարեկան։
«Ռոմա»-ն Twitter-ի էջում տեսանյութ է հրապարակել Մխիթարյանի մասնակցությամբ և շնորհավորել վերջինիս տարեդարձի կապակցությամբ։
Տեսնայութում ներկայացված են ֆուտբոլիստի մասնակցությամբ լավագույն դրվագները։
«Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան։ Հայազգի ֆուտբոլիստը դառնում է 33 տարեկան»,- գրել են տեսանյութին կից։
Նշենք նաև, որ հունվարի 20-ին էլ Մխիթարյանն իր 100-րդ հանդիպումն է անցկացրել հռոմեական ակումբի կազմում, որի ժամանակ 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել, ինչի շնորհիվ Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ռոման» «Լեչչեի» նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակ է տարել ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Հայաստանի հավաքականի ավագը «Ռոմա» է տեղափոխվել անգլիական «Արսենալից»։ Իր ֆուտբոլային միջազգային կարիերան Մխիթարյանըը սկսել է 2009-ին Դոնեցկի «Մետալուրգից», ապա ներկայացրել է Դոնեցկի «Շախտյորը», հետո տեղափոխվել է Դորտմունտի «Բորուսիա»։ 2016–ից հայ ֆուտբոլիստն արդեն Անգլիայում էր, սկզբում` «Մանչեսթեր Յունայթեդում», ապա` «Արսենալում»։