Այսօր Հայաստանի բյուջեի հիմնական հարկատուներն են հանքարդյունաբերությունն ու շահումով խաղերի գրասենյակները, ինչն աղետալի փաստ է, բայց փլուզված տնտեսության պարագայում շահումով խաղերը դարձել են լրատվամիջոցների հիմնական գովազդատուները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Լինելով խորհրդարանում շահումով խաղերի դեմ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակներից մեկը` կողմ եմ խստագույն սանկցիաների կիրառմանը։ Բայց հասկանում եմ նաև, որ իշխանությունների խնդիրն այս կամ այն ձևով լրատվամիջոցներին սնանկացնելն է, և քանի որ գովազդ տեղադրելու բացահայտ արգելքն առաջացնելու էր լուրջ հակազդեցություն նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններում, ուստի իշխանությունն ընտրել է «օրինական» ճանապարհ և այդ անվան տակ փորձելու է հարվածել ԶԼՄ–ների գրպանին»,– ասաց ԱԺ նախկին պատգամավորը։
Զոհրաբյանի կարծիքով` Հայաստանում չկա և չի եղել որևէ լրատվամիջոց, որն ինքնաֆինանսավորվեր և հնարավորություն ունենար ինքնավաճառքով կամ դիտումներով իր ֆինանսական հարցերը լուծել։ Լրատվամիջոցները մեծապես կախված են նաև այս կամ այն քաղաքական ուժից կամ օլիգարխից, իսկ գովազդատուները հիմնականում խաղարկային բիզնեսի ներկայացուցիչներն են։ Զոհրաբյանի դիտարկմամբ` իշխող ուժը պատրաստվում է դեռ տևական ժամանակ ճնշման միջոցով պահել սեփականն իշխանությունը և ԶԼՄ–ներին թողնել կախյալ վիճակում` նրանց աշխատանքի դեմ կիրառելով տարբեր սահմանափակումներ։
ՀԿ–ի նախագահը համոզված է` իշխանության քայլերի հաջորդականությունը բերելու է նրան, որ ոչ հաճո լրատվամիջոցներն օբյեկտիվորեն կանգնելու են փակման եզրին կամ ստիպված ենթարկվելու են իշխանության խաղի կանոններին` վերածվելով գրպանային միջոցի, ինչպես եղել է բոլոր ժամանակներում, իսկ նրանք, որոնք չեն համաձայնի բնակվել իշխանության գրպանում, ուղղակիորեն ֆինանսական ճնշման հետևանքով հայտնվելու են խաղից դուրս վիճակում։
Նշենք, որ Ազգային ժողովը հունվարի 21-ին 56 «կողմ», 8 «դեմ», 16 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Կառավարության առաջարկած օրինագծով արգելվում է շահումով բոլոր խաղերի, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների ու տոտալիզատորների բոլոր տեսակի գովազդները՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով` բացառությամբ իրենց պաշտոնական կայքերում, խաղատների, խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների շենքերի, սրահների վրա փակցվող գովազդների: Թույլատրվում է գովազդներ տեղադրել նաև ՀՀ սահմանային մուտքի կետերում, առնվազն չորսաստղանի հյուրանոցներում ու վիճակախաղերի վաճառակետերում։
Նշենք, որ երեկ՝ հունվարի 20-ին, նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնել էր, որ Հայաստանում 2021 թվականի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2020 թվականին միայն համացանցով կատարված խաղադրույքները ծավալը 2018թ.-ի համեմատ ավելացել է 6 անգամ, իսկ խաղացողների թիվը՝ 3 անգամ։