Ինչո՞ւ էր Գյումրիում գազի հոտ տարածվել․ «Գազպրոմը» պարզաբանում է

Կատարվածը վտագ չի ներկայացնում ոչ մարդկանց առողջության, ոչ էլ շրջակա միջավայրի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ Եղել է ոչ թե բնական գազի արտահոսք, այլ զուտ գազի հոտի տարածում։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով, թե ինչու էր երեկ երեկոյան Գյումրիում գազի հոտ տարածվել։
Ըստ պարզաբանման՝ գազաբաշխիչ կայաններում կատարվում է ՀՀ տարածք ներմուծվող բնական գազի հոտատվություն (օդորիզացիա)՝ համաձայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց գազը, լույսն ու ջուրը չթանկացնելու` Փաշինյանի խոստումները
Հունվարի 20-ին՝ ժամը 20-ի սահմաններում Գյումրիում տարածված հոտը Գյումրու գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած հոտատվության սարքավորման փականի ժամանակավոր խափանման հետևանք է։ Վթարավերականգնողական աշխատանքների կատարման ընթացքում՝ անխափան գազամատակարարման ապահովման պայմաններում, տեղի է ունեցել նորմատիվ չափաքանակից ավել օդորանտի, այսինքն՝ հոտի ներարկում գազաբաշխիչ ցանց:
«Արդյունքում, բնական գազի օգտագործման պայմաններում, տեղի է ունեցել հոտի տարածում, որը կրել է ժամանակավոր բնույթ: Տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին չի ներկայացրել վտանգ, պայթունավտանգ չէ և չի հանգեցրել գազաբաշխման կամ գազասպառման համակարգի վթարային վիճակի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու. փոխվարչապետ
Հիշեցնենք, որ հունվարի 20-ի երեկոյան Facebook-ի բազմաթիվ օգտատերեր գրառումներ էին անում այն մասին, որ Գյումրիի փողոցներում գազի սուր հոտ է տարածված, ինչը հարուցել էր քաղաքացիների անհանգստությունը։