ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին: Այս մասին ասված է Երևանի կենդանաբանական այգու տարածած պարզաբանման մեջ։
Այգու պատասխանատուները վստահեցնում են, որ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե կենդանիները սովից են անկում, կապ չունեն իրականության հետ։
«Վերջին ամիսներին կենդանիների կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել` բացառությամբ 2 սպիտակագլուխ և սև անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վերջնական եզրակացության համար կենդանիների նմուշներն ուղարկվել են լաբորատոր թունաբանական անալիզների, որի պատասխանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն:
«Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ արժանահավատ «աղբյուրներին» հղում տալով` չստուգված, իրականությանն անհամապատասխան տեղեկություններ տարածելուց»,–նշում են կենդանաբանական այգուց:
Հիշեցնենք` «Հրապարակ» թերթը երեկ գրել էր, որ Երևանի կենդանաբանական այգում սատկել է հինգ անգղ, մեկ արջ և մեկ բեզոարյան այծ։ Պարբերականը նշել էր, որ կենդանիների անկման պատճառը սովն է և պատշաճ խնամքի բացակայությունը։ Թերթի տվյալներով՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը գլուխ չի հանում աշխատանքից, չարաշահումների և միջոցների վատնման մասին լուրեր են շրջանառվում:
Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1950 թվականին, ունեցել է ավելի քան 700 կենդանի։ 2019թ-ին այգու շուրջ բազմաթիվ սկանդալներ եղան՝ կապված տարօրինակ հանգամանքներում կենդանիների մահվան հետ։ Նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հեռացվեց աշխատանքից, իսկ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արևիկ Մկրտչյանը։