ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է իր առաքելությունը Կոսովոյում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը մասնակցած հայ զինվորականների հերթական զորախումբն օրերս վերադարձել է Հայաստան»,- նշված է հաղորդագրությունում:
ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացված դիմավորման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստան այցելած ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունը, հյուրեր։
ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանը ողջունել է անձնակազմին, շնորհակալություն հայտնել գերազանց ծառայության համար, մաղթել հաջողություններ հետագա առաքելությունների ընթացքում։