ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Facebook-ի ղեկավարությունն արգելափակել է Sputnik գործակալության արաբական կայքի էջում նոր գրառումներ անելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ծանուցման համաձայն՝ հասանելիությունը էջին սահմանափակվել է «մի քանի օրով անվտանգության նկատառումներով»։ Facebook-ի աջակցման ծառայությունը հարցին կոնկրետությունից զուրկ պատասխան է տվել՝ հղում անելով սոցցանցի նորմերի ցանկին. «Սահմանափակումը մտցվել է մեր քաղաքականության հնարավոր չպահպանման պատճառով»:
Չնայած պարզաբանում ստանալու բազմաթիվ փորձերին՝ Facebook-ը սահմանափակվել է «որոշ գործառույթների» արգելափակման փաստի հաստատմամբ ու նման սահմանափակումներ մտցնելու համար ընդհանուր հիմքերի թվարկմամբ:
Sputnik Arabic-ն առաջին անգամ է նման իրավիճակում հայտնվել։ Էջում հրապարակված նյութերը վերջին ժամանակներս որպես սոցցանցի նորմերը խախտող չեն պիտակավորվել: Ավելի վաղ նման նշում էր տրվել ամերիկյան ՌՕՈւ-ի կողմից սպանված իրաքցի գեներալ-լեյտենանտ Քասեմ Սուլեյմանիի կյանքի մասին տեսանյութին, որը խմբագրությունը հրապարակել էր Facebook-ում 2020 թվականի հունվարին նրա զոհվելուց հետո:
Բացի այդ, սոցցանցը արգելափակել ու պիտակավորել է որպես «համավարակի ժամանակ դեղամիջոցների արդյունավետության մասին մոլորեցնող» մի քանի հաղորդագրություններ Ռուսաստանի առողջապահության նախարարության կողմից «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը հավանություն տալու մասին:
Sputnik Arabic կայքը գործարկվել է 2015 թվականի փետրվարին և այսօր միավորում է տասնյակ լրագրողների Եգիպտոսից, Սիրիայից, Իրաքից, Պաղեստինից, Լիբանանից, Թունիսից և Ռուսաստանից:
Լսարանը կազմում է ամսական շուրջ 14 միլիոն դիտում, միջին օրական մոտ 296 հազար եզակի այցելու (2021 թվականի դեկտեմբեր, Google Analytics): Facebook-ում Sputnik Arabic-ի լսարանը գերազանցում է երկու միլիոնը։