ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության գրասենյակում այսօր տեղի է ունեցել անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատների հանդիպումը ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալ գնդապետ Գորբունովի հետ: Տեղեկությունը հայտնում է «Արցախպրեսը»։
«Քննարկել ենք 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Կրկին համեմատվել և ճշտվել են անվանացուցակները»,– ասել է ՀԿ–ի նախագահ Արմեն Ասրյանը։
Նրա խոսքով` գնդապետ Գորբունովը հավաստիացրել է, որ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվում են օր առաջ տղաների ճակատագրերը պարզելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների համաձայն` 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է:
Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։ Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1706 աճյուն։