ՌԱԴԻՈ

ԱՄՆ–ի ու ՌԴ–ի միջև ոչ թե թշնամանք է, այլ տեղի է ունենում աշխարհի բաժանման հերթական փուլը

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը Sputnik Արմենայի եթերում անդրադարձել է ռուս–ամերիկյան հարաբերություններում առկա հակասություններին։
Sputnik
Ռուս–ամերիկյան հարաբերություններում առկա սուր տարաձայնությունների պատճառը լոկ ուկրաինական խնդիրը չէ, պատճառն ավելի գլոբալ բնույթ ունի։ Երբ Ռուսաստանն ընդհուպ մինչև իր սահմանների հարևանությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման կապակցությամբ հստակ առարկություններ ներկայացրեց ԱՄՆ–ին ու ՆԱՏՕ–ին, դրանով, ըստ էության, առաջարկեց «կարմիր գծերի» շուրջ նոր բանակցություններ անցկացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Աննա Կարապետյանը։

«Այդ փուլից սկսած` մեկնարկեց շատ գոլբալ գործընթաց, որի նպատակը «կարմիր գծերի» սահմանումն է, և այդ կապակցությամբ տեղի ունեցող դիսկուրսի արդյունքում, որն ընթանում է բանակցություններից զատ, ՌԴ–ն ու ԱՄՆ–ն սահմանելու են միմյանց համար ընդունելի խաղի նոր կանոններ։ Մի բան հստակ է, որ նշված բանակցությունների սկսման փուլից արդեն իսկ վերջ դրվեց միաբևեռ աշխարհին, ինչի մասին բազմիցս խոսվել է, և Միացյալ Նահանգները գիտակցաբար մտավ բազմաբևեռ աշխարհի ստեղծման փուլ»,– ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրենը։

Կարապետյանի դիտարկմամբ` Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ու սպառնալիքներն ընդամենը մեկ բաղադրիչ են հիշյալ գործընթացում։
Ըստ նրա` ԱՄՆ–ն նման պահվածքով պարզապես ձգտում է բանակցությունները մտցնել իր համար ձեռնտու հուն։
Բայդենը Ռուսաստանին սպառնում է «ավերիչ» պատժամիջոցներով
«Ռուս–ամերիկյան հարաբերություններում էսկալացիայի և ռազմական փուլի վտանգն այսօր իսկապես բավական մեծ է, բայց դժվար է ասել, որ կողմերը միանշանակ շահագրգռված են նման զարգացմամբ, որովհետև այդ դեպքում չէր ազդարարվի բանակցություններ սկսելու մասին։ Այլ խնդիր է, թե Ուկրաինան ինչպես իրեն կդրսևորի, ուստի չի բացառվում, որ կլինեն դերակատարներ, որոնք կփորձեն առկա լարվածությունից օգտվել և որոշակի դիվիդենտներ քաղել»,– ասաց վերլուծաբանը։
Կարապետյանի կարծիքով` իրադրությունը թշնամանք որակելը կոռեկտ չէ, որովհետև ավելի շուտ գործ ունենք աշխարհի բաժանման հերթական փուլի հետ, այսինքն` երկու գերտերությունները փորձարկում են իրենց ուժերը և ցանկանում հստակեցնել, թե որտեղով են անցնելու իրենց ազդեցության սահմանները, քանի որ տարիների ընթացում Ռուսաստանը կուտակել է անհրաժեշտ քաղաքական ազդեցություն և կապիտալ, ինչը հնարավորություն է տալիս նրան նման հայտ ներկայացնել։
ՌԴ-ի հետ ԵՄ քաղաքականությունը չպետք է կառուցվի միայն պատժամիջոցների վրա. Մակրոն
Նշենք` Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ բեկում չի ակնկալում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ժնևում կայանալիք բանակցություններից, սակայն հույս ունի լսել, թե ինչի է հասել Մոսկվան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ վերջին խորհրդակցություններից հետո:
Հավելենք, որ ժնևյան բանակցությունների արդյունքներով Լավրովն ու Բլինկենը նախատեսել էին առանձին մամուլի ասուլիսներ։