ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ

Արմեն Գրիգորյան
Եվրամիության պատվիրակության անդամներն անդրադարձել են Հայաստանի հումանիտար խնդիրներին, մասնավորապես ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահության և Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ: Տեղեկությունը հայտնում են ԱԽ գրասենյակից։
Նշվում է, որ պատվիրակության կազմում եղել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահության դիվանագիտական ստորաբաժանման խորհրդական Իզաբել Դյումոնը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Եվրամիության Արևելյան գործընկերության հարցերի դեսպան Բրիս Ռոքվոյը, Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Մագդալենա Գրոնոյին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն առաջիկա օրերին կայցելի Երևան և Բաքու
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստան-ԵՄ ակտիվ համագործակցության վերաբերյալ: ԱԽ քարտուղարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ ժողովրդավարացման և տարածաշրջանի անվտանգության պահպանման գործընթացներում:
Կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ սկսումը և այդ նպատակով համապատասխան մթնոլորտի ձևավորումը:
Իզաբել Դյումոնը և Տոյվո Կլաարն իրենց հերթին անդրադարձել են հումանիտար խնդիրներին և ընդգծել, որ ԵՄ-ն ակտիվ աշխատանք է տանում ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, մեկնաբանելով սահմանին լարվածության հերթական ալիքը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ «ուժերը հետ քաշելու համար»:
Նա նաև ընդգծել Էր Բրյուսելի պատրաստակամությունը՝ լրացուցիչ դիվանագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում: