ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը «Pfizer» ընկերության դեղամիջոցից կրկնակի լավ է չեզոքացնում կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի ակտիվությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Գամալեայի անվան կենտրոնին։
««Սպուտնիկ V» պատվաստանյութը «Pfizer»–ի երկու ներարկումների համեմատ ավելի քան կրկնակի բարձր վիրուսասպան հակամարմինների տիտր է ցուցադրել «Օմիկրոն» (B.1.1.529) մանրէահիմքի նկատմամբ (2,1 անգամ բարձր է ընդհանուր առմամբ, 2,6 անգամ բարձր` պատվաստումից երեք ամիս անց)», – ասված է Իտալիայի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի՝ «Lazzaro Spallanzani»–ի հետ համատեղ հետազոտության արդյունքների հիման վրա հրապարակված հաղորդագրությունում։
Բացի այդ, մասնագետները եզրակացրել են, որ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը որպես բուստեր կիրառելու դեպքում «Օմիկրոնի» դեմ պաշտպանությունը հասնում է այն մակարդակին, որը «Սպուտնիկ V»–ն ապահովում է ելակետային մանրէահիմքի նկատմամբ։
Ռուս և իտալացի գիտնականները նշում են նաև, որ պատվաստանյութերի համակցված կիրառման շրջանակում «Սպուտնիկ լայթը» բուստերային լավագույն լուծումն է դրանց արդյունավետությունը բարձրացնելու և պաշտպանության ժամանակահատվածը երկարացնելու տեսանկյունից։ Ադենովիրուսային հարթակի օպտիմալ կոնֆիգուրացիայի շնորհիվ «Սպուտնիկ լայթն» ավելի լավ է պաշտպանում «Օմիկրոնից» և այլ մուտացիաներից։
Ուսումնասիրությունն իրականացվել է իտալական ինստիտուտում, հավասար լաբորատոր պայմաններում`Ուհանում գրանցված սկզբնական շտամի նկատմամբ վիրուսասպան ակտիվության և IgG–հակամարմինների համադրելի մակարդակով «Սպուտնիկ V»–ով և «Pfizer»–ով պատվաստված մարդկանց արյան շիճուկի համադրելի նմուշների հիման վրա։
Վարակի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով` Covid-19–ով հիվանդացածների թվում պատվաստվածների թիվը չի գերազանցում 4 տոկոսը, ծանր դեպքերը եզակի են, իսկ ստացիոնարներում բուժվող պացիենտների ճնշող մեծամասնությունը չպատվաստված անձինք են։